Օրերս հանրապետության մի շարք համայնքներում տեղացած կարկուտի ժամանակ հակակարկտային կայանները չեն աշխատել այն մակարդակով, որքան կուզեինք: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Հակակարկտային կայանները չեն աշխատել այն մակարդակով, որքան կուզեինք: Կոթին սահմանի եզրին է եղել, դրա համար չեն աշխատել: Բայց եթե աշխատեին այն մակարդակով, որքան կուզեինք, այս պատկերը չէինք ունենա»,- խոստովանեց նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ գյուղնախարարության եւ մարզպետարանների խմբերն այցելում են տուժած համայնքներ եւ արդեն հաջորդ շաբաթվա կեսերին՝ մինչեւ չորեքշաբթի կունենանք վերջին օրերի կարկուտի պատճառած վնասների նախնական գնահատականը: Ամեն դեպքում, Արթուր Խաչատրյանի հավաստմամբ, 100 տոկոսով վնասված համայնքներ չկան:

Ինչ վերաբերում է վնասների փոխհատուցմանը. կգնահատեն դրանց չափն ու փոխհատուցման մեխանիզմներ կմշակեն: «Պետք է գնահատենք, թե որքան են կազմել տարվա ընթացքում վնասները, տեսնենք՝ որքան են պետության հնարավորությունները եւ մշակենք մասնակի փոխհատուցում հատկացնելու ավելի ճիշտ մեխանիզմներ»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Եթե մեզ էս երկիրը ձեռ չբռնի, շատ ահավոր բան է լինելու. Արմավիրում կարկուտը գրեթե 100 տոկոսով վնասել է բերքը