Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, եւ ամբողջական համամասնական ընտրակարգ լինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հավելելով, որ պետք է լրացուցիչ մեխանիզմներ մտածել, որը թույլ կտա, որ կուսակցությունների ցուցակները կարտացոլեն ընտրողների իրական պատկերը։

«Մենք նաեւ ուզում ենք, որ եթերով բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի հավասարաչափ արտահայտելու իրենց դիրքորոշումները, ներկայացվեն իրենց ծրագրերը», - ասաց նա:

Անդրադառնալով ՀՅԴ առաջարկին՝ պահպանել ռեյտինգային համակարգը, բայց այն տարածել ամբողջ հանրապետությունով մեկ, այսինքն վերացնել տարածքային ցուցակները, Լենա Նազարյանն ասաց, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հենց այն նպատակով, որ քննարկի բոլոր առաջարկությունները:

Դիտարկմանը, թե արդյոք ընտրությունների թափանցիկ լինելուն չի խանգարի այն հանգամանքը, որ ուժային կառույցները ենթարկվում են վարչապետին՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը բազմիցս նշել է, որ ուժային կառույցները պետք է գործեն որպես նախարարություններ եւ անմիջապես վարչապետին չենթարկվեն, «Ելք»-ի պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ այս կարճ ժամանկահատվածում հնարավոր է այդ կառուցվածքային փոփոխություններն իրականացնել, իսկ այդ մարմինների անկախության հետ կապված՝ որեւէ կասկած չունեմ։ Անցած օրերի իրադարձությունները եւս մեզ համար ապացույց են, որ իրավապահ մարմինները եւ դատական համակարգը գործում են շատ ազատ»։