XIX դարում Ղրիմի արեւմտյան ափերի մոտ գտնվող Թարխանկուտի հրվանդանի մոտակայքում խորտակված «Գեներալ Կոցեբու» նավում հայտնաբերված ավելի քան 10 կտավների թվում, հնարավոր է, կան նաեւ Այվազովսկու աշխատանքները:

«Այվազովսկին աշխատել է այս նավի վրա: Երբ նրան ուղարկել էին Եգիպտոս, «Գեներալ Կոցեբու» նավն անցնում էր Սուեզի ջրանցքով: Փորձագետները նշում են, որ եթե Այվազովսկին աշխատում էր ինչ-որ նավերի վրա, ապա կտավները թողնում էր հենց այնտեղ»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է դայվեր Ռոման Դունաեւը:

Կտավները գտնվել են  հունիս ամսին՝ «Նեպտուն» գիտարշավի ժամանակ: Աշխատանքները պատված են տիղմով: Դուրս բերել դրանք, թե ոչ, կորոշի Ստորջրյա հետազոտությունների սեւծովյան կենտրոնը: «Սա թանկ օպերացիա է»,- նշել է ստորջրյա արշավախմբի ղեկավարը:

«Գեներալ Կոցեբու» նավը հայտնաբերվել էր մոտ 10 տարի առաջ, սակայն մանրամասն չի ուսումնասիրվել: 1895 թվականին Ղրիմի ափերին այն բախվել էր սեւծովյան «Պենդերակլիա» նավատորմի նավին եւ խորտակվել: