ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում կայացած G7-ի գագաթնաժողովի ժամանակ կոնֆետներ է գցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմը: Այս մասին CBS հեռուստաընկերությանը  պատմել է ամերիկացի վերլուծաբան Իեն Բրեմերը, փոխանցում է «Իզվեստիա»-ն: Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ավարտին, երբ Մերկելը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն փորձում էին  համոզել Թրամփին ստորագրել համաձայնագիրը, Թրամփը ակնհայտորեն դժգոհ էր դրանից: «Տրամփը նստել էր ձեռքերը ծալած եւ դժգոհ էր, որ համախմբվում են իր դեմ»,- պատմել է Բրեմերը: Այդ պահին ԱՄՆ նախագահը վեր կացավ, գրպանից երկու «Սթարբյորթս» կոնֆետներ հանեց եւ, նետելով սեղանին, Մերկելին ասաց հետեւյալը. «Ահա, Անգելա: Եւ մի՛ ասա, որ ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս»:

G7-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 8-9-ին Քվեբեկում: Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների միջեւ լուրջ տարաձայնությունների պայմաններում: Բանակցություններից հետո Մերկելը հայտարարել էր, որ հանդիպումը հիասթափեցնող էր, սակայն ձեւաչափը հարկավոր է պահպանել: