Մենք դեմ չենք ռեյտինգային համակարգի քննարկման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից կողմ են, որ վերացվի տարածքային ռեյտինգային համակարգը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք աստիճանաբար հրաժարվել են մեծամասնական համակարգից եւ անցել 100 տոկոս համամասնական համակարգի՝ սակայն տարածքային բաղադրիչը պահպանելով. «որովհետեւ միանգամից չէր կարելի կտրել տարածքների կապը ԱԺ-ի հետ»:

«Հիմա պետք է մեկ քայլ ավել կատարենք: Մենք դեմ չենք ռեյտինգային համակարգի քննարկման համար: Եթե կլինեն հիմնավորումները, որ քաղաքական դաշտն արդեն կայացած է, եւ չունենք այն խնդիրները, որ պետք է տարածքների հետ կապը հաստատող պատգամավորները լինեն, մենք այդ հարցին կարող ենք անդրադառնալ շատ հանգիստ»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ օնտրական օրենսգրքում պետք է փոխել այն, ինչը չեն հասցրել փոխեն նախորդ օրենսգրքում. «Դրանք վերաբերում են ID քարտերին, մատնահետքերին, իրոք քննարկման առարկա են: Մենք պետք է նաեւ այդ հարցերը քննարկենք միջազգային կառույցների հետ, որոնք կարող են այդ սարքերը տեղադրել, ֆինանսավորում ապահովել»: