Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել իրագործել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին հունիսի 18-20-ն աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել, որ կառավարությունը պատրաստակամ է շարունակելու իրագործել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին:

Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում: 

Արդարադատության նախարարը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներն ակնհայտ են:

Նախարարն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ: Վերջիններիս հետ քննարկումը ծավալվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ: