ԵԿՄ կենտրոնական գրասենյակում հրավիրված արտահերթ նիստին որոշվել է հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, նշելով, որ այդ հայտարարության տակ ստորագրել են  նիստին մասնակցած բոլոր ազատամարտիկները:

«ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած հրեշավոր երեւույթը, որը հանիրավի վարկաբեկում է ԵԿՄ հազարավոր ազնիվ ազատամարտիկների հեղինակությունը: Ընդլայնված նիստի մասնակիցները, գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշեցինք՝ հանձնարարել վարչությանը շատ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, երկրորդ՝ մինչեւ արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, երրորդ` մինչեւ առաջիկա վարչության նիստ աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ փոխնախագահների վրա»,-ասել է նա:

Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ կստեղծվի  նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու համար:

Նշենք, որ արտահերթ նիստին մասնակցել են ԵԿՄ անդամներ, տարածքային կառույցի ղեկավարներ, ԵԿՄ փոխնախագահներ, ինչպես նաև ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներ: