2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը եւ Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված եւ միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գործընկերության խորհուրդն ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության տեւական եւ վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարեւորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

Եվրամիությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ հորդորել կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որեւէ նախապայմանի:

Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

Խորհուրդը նախագահել են ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եղել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: