Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ:

Համբարձումյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել: