ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ տրանսատլանտյան կապերը թուլացել են, եւ կոչ է արել ջանքեր գործադրել ռազմաքաղաքական բլոկի ամրապնդման համար: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Լոնդոնում հուլիսի 11-12-ին ունեցած իր ելույթի ժամանակ, փոխանցում է DW-ն:

«Տրանսատլանտյան գործընկերության պահպանումը բխում է մեր ռազմավարական շահերից»,- նշել է Ստոլտենբերգը: «Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների միջեւ տարբերություններն այնպիսի հարցերում, ինչպիսիք են առեւտուրը, կլիման եւ Իրանի հետ միջուկային գործարքը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Այնուամենայնիվ, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման, կիբերհարձակումների եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ագրեսիվ վարքի հետ կապված աշխարհն իր անվտանգությանն ուղղված անկանխատեսելի մարտահրավերների է բախվում: Այս առումով Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ատլանտիկայի երկու կողմերում գտնվող պետությունների միջեւ փոխգործակցությունը կհաջողվի պահպանել: «Պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն նման մարտահրավերների է բախվում, մենք պետք է միասնական լինենք»,- եզրափակել է նա: