Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպելու և քննարկումներ անցակացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Շարքի առաջին հանդիպման խորագիրն է՝ «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»։ Մեկնարկային հանդիպման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Beeline, Արտաշետ Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան, Վահան Քերոբյանը՝ «Մենյու գրուպ», Գևորգ Բալյանը՝ «Յուքրաֆթ»:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են Հայաստանում տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների աջակցության և զարգացման իրենց տեսլականներով, խոսել են Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունների և թերությունների մասին:

«Այսօր մենք գործարկում ենք ՍտարտՀաբ Օֆլայն հարթակը, որը կիրականացվի պարբերաբար կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով։ Ստարտափների հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է ոչ միայն գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև ՏՏ առաջնորդների փորձի փոխանցումը, ինչի նպատակն էլ ունի ՍտարտՀաբ Օֆլայնը», - նշեց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի Խորհրդի Նախագահ Սամվել Չախալյանը։

«Աջակցությունը ստարտափներին Beeline-ի գործունեության մեջ զգալի մաս է կազմում, և մենք փորձում ենք այդ հարցում բազմակողմանի մոտեցում ցուցաբերել։ Ունենալով մեր սեփական ինկուբատորը՝ մենք կարևորում ենք նաև բոլոր ստարտափներին օգտակար և լիարժեք տեղեկատվության տրամադրումը։ Վստահ եմ, որ այս հանդիպման շնորհիվ մենք կկարողանանք միավորել ուժերը և հստակ պատկերացում կազմել ապագա անելիքների մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հավելենք նաև, որ հուլիսին նախատեսվում է ՍտարտՀաբ Օնլայն հարթակի գործարկումը, որն իրենից ներկայացնում է տեղեկատվական-ուսումնական կայք, որտեղ կհրապարակվեն ստարտափների առաջխաղացման ուղեցույցներ, կներկայացվեն ստարտափներին աջակցող հայկական կազմակերպությունները և լայնորեն կլուսաբանվի հայկական ստարտափների գործունեությունը։