ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հասարակական կազմակերպության նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հունիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ըստ քրեական գործի նյութերի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ՝ հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. ապրիլ-դեկտեմբերին կազմակերպությունում որպես աշխատակից է ձևակերպել 10 անձի։ Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր շահառուի ունակությունների և կարողությունների ձեռք բերման և աշխատանքի տեղավորման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 ՀՀ դրամ, սակայն նշված անձինք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ փոխանցված խոշոր չափերով` ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամը, յուրացվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։