Հայաստանն ու ԵՄ-ն հունիսի 21-ին ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի շրջանակներում քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը: Այս մասին հանդիպումից հետո՝ ասուլիսի ժամանակ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ես գիտեմ, թե որքան կարեւոր է դա ոչ միայն կառավարության, այլեւ երկրի քաղաքացիների համար, եւ ես լիովին հասկանում եմ դա», - ասել է  Մոգերինին:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայանագրի իրականացման հարցը:

«Սա տեխնիկական պահանջ է մյուս քայլին անցնելու համար: Սա լավ եւ օգտակար քննարկում էր, որն այսօր ընթացավ բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ, որոնք ինչպես միշտ, միացան Խորհրդի մեր նիստերին»,- նշել է նա:

Մոգերինին այս փուլը նկարագրել է որպես տեխնիկական պայմաններ, որոնք որպես վերջնական նպատակ վիզայի ռեժիմի ազատականացման մասին երկխոսության կհանգեցնեն: «Այս որոշումը Խորհրդի ձեռքում է եւ պահանջում է Խորհրդի որոշումը, ինչպես գիտեք: Այսպիսով, այս հարցը ավելի շատ անհրաժեշտ է տալ  անդամ պետություններին, քան ինձ», - ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումն ու ռեադմիսիան լավ իրականացված են, բայց նշել է, որ միշտ էլ բարելավման կարիք կա:

 «Ես կարծում եմ, որ սա մեր համագործակցության դրական ոլորտն է»,- հավելել է նա: