160 մլն եվրոյի չափով օգնությունը, որը ԵՄ-ն մոտ ապագայում կտրամադրի Հայաստանին, զգալի գումար է: Այս մասին հանդիպումից հետո՝ ասուլիսի ժամանակ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ըստ նրա, կողմերը գոհունակությամբ են քննարկել այս հարցը: «Մենք ինտենսիվ օրակարգ ունենք, եւ այս օրակարգը համարժեք ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, որոնք տրամադրվելու են այն ջանքերի համար, որոնք արդեն կատարվում են եւ որոնք, ինչպես ակնկալում ենք, կշարունակվեն», - ընդգծել է Մոգերինին:

Միեւնույն ժամանակ, Եվրամիության Գերագույն ներկայացուցիչը նշել է, որ մյուս Հանձնակատարների հետ միասին նրանք Հանձնաժողովին հաջորդ բազմամյա ֆինանսական ծրագրի (Multiannual Financial Framework) համար առաջարկ են ներկայացրել, որը, Հարեւանության երկրների առաջնահերթությամբ, որն, իհարկե, ներառում է ԵՄ-ի արեւելյան գործընկերներին, արտաքին գործողությունների համար մեծ գումարների հատկացում է ենթադրում:

 «Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն ոչ միայն կպահպանի, այլեւ ապագայում կավելացնի ֆինանսական աջակցությունը», - հավելել է նա: