Երեւանի «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում շուկայի շենքի մոտ: Ակցիա մասնակիցները պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները։ Մասնավորապես, նրանց խոսքով, վարձավճարը եղել է 35 հազար դրամ, սակայն հունվարի 1-ից որոշ սրահների վարձավճարները դարձել է 50 հազար դրամ:

«Քանի որ մեր սրահի մուտքը փակ էր, մեզ համար վարձը չավելացրին: Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարձավճարները պետք է իջնի 20 տոկոսով, զիջում պետք է արվի: Մենք հիմա ուզում ենք, որ 35 հազարը զեղչվի 20 տոկոսով, իսկ մեզ ասում են, որ պետք է վճարեք 40 հազար: Այն տրամաբանությամբ, որ 50 հազարը 20 տոկոսով զեղչված լինում է 40 հազար, բայց մեր վճարը եղել է 35 հազար: Մենք 5 տարով պայմանագիր ունենք, որտեղ կոնկրետ նշված է վարձավճարը 35 հազար դրամ, հիմա մեկ տարի հետո ուզում են փոխել վարձավճարը»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով, շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն էլ սպառնացել է փակել այդ սրահը, եթե չվճարեն իր ասած գումարը: