ԱԱԾ-ն ներխուժեց իրանց ամեն ինչով մեր բնակարան, որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ-ի կողմից իրեն բերման ենթարկելուն:

«Այնտեղ կային օրինական միավորներ, այո, իմ ատրճանակները: Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են: Ոչ մի երեխա տանը չի վախեցել, աղջկաս հարցրել են՝ զենք ունի տանը, ասել է՝ այո, սեյֆի մեջ դրած: Ես տանը չէի, կանչեցին՝ եկա: Շատ շնորհակալ եմ ԱԱԾ-ից»,-հայտարարեց Արառքել Մովսիսյանը:

Նա նկատեց, որ նախկինում նման բաներ չի եղել. «Այն ժամանակ վայրագություններ է եղել: Իմ օղորմածիկ ախպոր տունը բերեցին թուղթ քցին, զենք գցին: Հիմա յուրահատուկ տառին համապատասխան արել են: Ես օրինականից բացի ինչ ունեցել եմ, կամավոր տարել հանձնել եմ»:

Նախկին պատգամավորն ասաց, որ բոլոր զենքերը ԱԱԾ-ն տարել է ստուգելու. «Բոլորը հանձնել եմ: Ես շնորհակալ եմ նոր կառույցից»:

Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում են եկել իրենց տուն, նա պատասխանեց. «Ես պատերազմի մասնակից եմ: Ես Արցախյան եւ ապրիլյան պատերազմից բացի սիրահար եմ զենքի: Հիմա եկել է ժամանակները, որ կարիքը չկա զենք ունենալու, բացի «նագրադնոյ» զենքից: Զենք էլ հետս ման չեմ տվել, ոչ զենք, ոչ վարորդ, ոչ ախռանա, ոչ օգնական»:

Հիշեցնենք, որ նախօրեին Այգեկ գյուղում գտնվող Առաքել Մովսիսյանի տանը շուրջ երկու ժամ խուզարկություն կատարելուց հետո Առաքել Մովսիսյանին տեղափոխել էին ԱԱԾ։

Իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել։ Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են Առաքել Մովսիսյանին տեղափոխել։ Այսօր առավոտյան նրան ազատ են արձակել:

Բերման ենթարկված Առաքել Մովսիսյանը (Շմայս) ազատ է արձակվել