Երկրապահ կամավորական միության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը դեմ է, որ  դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները փակվեն, քանի որ այդ ակումբներում աշակերտները հայրենասիրության դասեր են ստանում։  NEWS.am–ի հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահը հույս հայտնեց, որ  մինչ կառավարություն հասնելը հնարավոր է նախարարի որոշումը որոշակի փոփոխություններ կրի։  Նշենք, որ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է փակել 70 դպրոցում գործող «Պատանի երկրապահ» ակումբներն ու դադարեցնել պատանի երկրապահների ճամբարների ֆինանսավորումը։

«Հանրապետության  գրեթե բոլոր դպրոցներում կան ակումբներ, որտեղ շատ չեն երեխաները, դպրոց կա, երեք հոգի են, դպրոց կա՝ 10, կա տեղ, որ 2 աշակերտ էին, դա կապված էր դպրոցի ղեկավարության շահագրգռվածության եւ ակտիվության հետ։ Ես չեմ կարդացել, ինձ ասեցին, որ նախարարը նման որոշում է կայացրել, որ փակեն։  Իհարկե, մտահոգություն ունեմ դրա հետ կապված։ Առայժմ ես առաջարկ չունեմ, ԵԿՄ–ի փոխնախագահն եմ ընդամենը, բայց մտահոգիչ է ակումբների փակելը։ Լավ կլիներ, որ դպրոցներում նման ակումբներ լինեն, առավել եւս, որ դա կամավորության հիմունքներով է, որովհետեւ կոնկրետ ծրագիր կար, ԿԳՆ նախարարության հետ հուշագիր ունենք ստորագրած, որտեղ դրված էր ծրագրեր, որ պետք է իրականացնեին այդ երեխաները՝ հայրենասիրություն,  ռազմագիտություն, զենք քանդել հավաքելու հմտություն, կրակարաններում կրակել սովորեին եւ այլն»,–մանրամասնեց Համլետ Հայրապետյանը։

Կրթության նախարարի որոշման հետ կապված առայժմ ԵԿՄ–անդամները որեւէ քայլ չեն պատրաստվում անել, քանի դեռ ԵԿՄ համագումարը տեղի չի ունեցել։ Երբ  նոր ղեկավար կընտրեն, դրանից հետո հարցը կքննարկեն  եւ հայտարարությամբ հանդես կգան։  «Մենք  դեռ բողոքելու իրավունք չունենք, երբ կձեւավորվի նոր վարչություն, ղեկավար կազմ, գործադիր մարմին, էդ ժամանակ թող գործադիր մարմինը զբաղվի էդ հարցով, դպրոցների բացվելուն դեռ  երկու ամիս կա»,–ասաց Համլետ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո ԵԿՄ ղեկավարի պաշտոնը թափուր է, հունիսի 24–ին  վարչության նիստ են հրավիրելու, իսկ  յոթ օր անց  արտահերթ համագումար  են անցկացնելու ու ընտրելու են նոր ղեկավար։

ԿԳՆ-ն պատրաստվում է փակել 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները