Հայաստանի անկախացումից ի վեր գրեթե 30 տարիների ընթացքում երկրում օգտակար հանածոների ոչ մի լուրջ հանքավայր չի հայտնաբերվել: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Սարգիս Շահազիզյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում երկրաբանական-հետախուզական ծառայություն գոյություն չունի. «Սակայն , հնարավոր է, օգտակար հանածոների նոր հանքավայրեր հայտնաբերվեն, քանի որ նման հետազոտությունների անցկացման համար այժմ նոր մեթոդներ են հայտնվել»,- պարզաբանեց Շահազիզյանը: Նա նշեց, որ Հայաստանը հարուստ է օգտակար հանածոներով, սակայն հարկավոր է դրանք գրագետ կերպով օգտագործել:

Իր հերթին, հանքարդյունաբերական ընկերության նախկին ղեկավար, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լիցենզիաների տրամադրման վարչության նախկին պետ Գագիկ Դուրունցը շեշտեց, որ մտադիր չէ քննադատել կառավարությանը, այլ, ընդհակառակը, ցանկանում է աջակցություն ցույց տալ՝ ընդ որում, հավելելով, որ Հայաստանի օրենսդրությունը ընդերքների գործունեության եւ հանքարդյունաբերության կարգավորման առումով վատը չէ: «Եթե մենք առաջնորդվենք այս պահանջներով, եւ ես հույս ունեմ, որ մեր կառավարությունը հենց այդպես էլ կանի, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Դուրունցը:

Ըստ նրա՝ այս ոլորտում արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է պետական ծրագիր մշակել: Դուրունցը նաեւ իր վրդովմունքն արտահայտեց առ այն, որ Հայաստանում գոյություն ունեցող ջրային ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվում: Վերջում նա առաջարկեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանել Էներգետիկայի եւ հանքարդյունաբերության նախարարության: