ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հունիսի 21-ին խուզարկություններ են կատարվել հրամանատարի աշխատասենյակում, Երկրապահ կամավորականների միությանը պատկանող՝ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում եւ օժանդակ կառույցներում:

Արդյունքում՝ հայտնաբերվել եւ առգրավվել է երկու օդամղիչ հրացան, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի աշխատասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոթատետր եւ գումարի փոխանցման անդորրագիր, որոնցում առկա տեղեկությունների վերաբերյալ կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի հրամանատարին, կոչումով՝ փոխգնդապետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։