«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից Հարություն Սարիբեկյանը՝ «Զիմը», քիչ առաջ ազատ արձակվեց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Սարիբեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել: «Զիմի» նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատական նիստը շարունակվում է:

Նշենք, որ նախորդ նիստին այս գործով ազատ են արձակվել Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարը, ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց: