Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից:

Ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, եւ ավելի քան 150 մլն` շահութահարկ:

Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը: Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ: Հետաքննության բաժնի եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ եւ հաշվապահական այլ փաստաթղթեր: Հետաքննությունը շարունակվում է: