Եվրասիական տնտեսական միության առեւտրային հարաբերություններում իսկապես չկա ոչ մի սահմանափակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ խոսելով ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության հեռանկարների մասին։

Նրա խոսքով, ԵՏՄ մեծ ներուժ ունի․ «Հայաստանը սկզբունքորեն կարող է անվերջ արտահանում իրականացնել, եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա շատ բարձր տեմպերով աճում է գյուղատնտեսական մթերքների արտահանումը, եւ մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին: Մենք հույս ունենք նաեւ, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան»,-նկատել է ՀՀ վարչապետը։

Նա նաեւ անդրադարձել է Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերություններին այն առումով, որ ՀՀ-ն չունի ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահման։ «Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ: Իմ վերջին այցը Վրաստանի մայրաքաղաք  շատ հաջող էր եղել: Մենք, իհարկե, կաշխատենք Վրաստանի նոր կառավարության հետ, եւ համոզված եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ կզարգանան, քանի որ, բոլորը շահագրգռված են դրանում,  եւ՛ Վրաստանը, եւ՛ Հայաստանը, եւ՛ Ռուսաստանը»,-հավելել է Փաշինյանը։