Դատարաններն անկախատեսելի վարքագիծ են դրսեւորում. մի շաբաթ որոշում են, որ խափանման միջոց պիտի փոխեն, իսկ մի շաբաթ որոշում են, որ չպիտի փոխեն: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Գուցե իրենք չեն հասկացել դեռ, որ այդպես չի կարելի, այդպես երկար ժամանակ իրենք չեն կարող մնալ որպես դատավոր: Եթե նման մարդիկ ուղղակի կամովին չորոշեցին հեռանալ, մենք նրանց կստիպենք, որ հեռանան: Ցավով պետք է նշեմ, որ Թաթուլ Թամրազյանի դեպքում էական վտանգ կա, եւ եթե վաղը նրա հետ ինչ-որ բան տեղի ունեցավ, ապա դրա պատասխանատվությունը, այդ բեռը մնալու է դատավոր Արշակ Վարդանյանի ուսերին»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով` դատավորները պետք է կողմոնորոշվեն՝ կա՛մ հանդես են գալիս արդարադատության անունից, կա՛մ ընդհանրապես հանդես չեն գալիս եւ այսպիսի շենքեր մտնելու իրավասություն չունեն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Սասնա ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանի ու Գեւորգ Իրիցյանի խափանման միջոցը չփոխվեց, նրանք մնացին անազատության մեջ:

Նշենք, որ Իրիցյանի եւ Թամրազյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը: