Վրաստանում կենսաթոշակների չափը 2019 թվականից 20 լարիով (մոտ 8 դոլար) բարձրացման մասին հայտարարել է նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձեն, այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն հայտնեց նրան և իր կառավարությանը, սակայն այդ ծրագրի մասին անցած տարի խոսել էր նաև նախկին ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին, հաղորդում է Jnews.ge-ն: 

Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ 2019 թ.-ին կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով, իսկ 2020 թվականին ևս 20 լարիով: Նախկին ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին 2017 թվականի նոյեմբերին նույնպես հայտարարել էր կենսաթոշակների բարձրացման պլանների մասին:

«2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակը կավելանա 20 լարիով (մոտ 8 դոլար), իսկ 2020 թ.-ի հունվարի 1-ից` ևս 20 լարիով, այսինքն, երկու տարվա ընթացքում կենսաթոշակը կավելանա 40 լարիով (մոտ 16 դոլար) », – լրագրողներին ասել է Բախտաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո թոշակներն ավելացել են երկու անգամ:

Առաջին անգամ կենսաթոշակն ավելացել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին 10 լարիով և դարձել 160 լարի (մոտ 65 ԱՄՆ դոլարի այն ժամանակվա փոխարժեքով), երկրորդ անգամ` 2016 թվականի հուլիսի 1-ին:

Ներկա պահին Վրաստանում բազային կենսաթոշակը 180 լարի (մոտ 73.3 դոլար) է, իսկ բարձրլեռնային շրջաններում թոշակառուները ստանում են 216 լարի:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է մոտ 40 400 դրամ (84 դոլար): Այսինքն եթե անգամ Վրաստանում կենսաթոշակի չափն ավելանա 20 լարիով եւ կազմի 200 լարի (81,4 դոլար), այդ մի փոքր քիչ կլինի, քան Հայաստանում է:

Վրաստանում եւս այս տարվա ամռանն արդեն Վրաստանի կառավարությունը նախատեսում է անցնել կուտակային կենսաթոշակային համակարգի, որը պարտադիր կդառնա 40 տարին չլրացած անձանց եւ ընտրությամբ 40-ից բարձր անձանց համար։