Ամերիկյանն Blue Origin ընկերությունը մտադիր է 2019 թվականին սկսել զբոսաշրջիկների համար իր New Shepard նավով մերձուղեծրային չվերթների տոմսերի վաճառքը, հաղորդում է Spacenews շաբաթաթերթի կայքը՝ հղում կատարելով ընկերության փոխնախագահ Ռոբերտ Մեյերսոնին:

«Մենք մտադիր ենք շուտով մեր առաջին ուղեւորներին տիեզերք ուղարկել: Մենք ակնկալում ենք, որ տոմսերի վաճառքը կսկսվի 2019 թվականին », - գրում է շաբաթաթերթը:

«Ընդ որում դրանք լինելու են ոչ թե տիեզերագնացներ, այլ սովորական քաղաքացիներ: Մենք դա անելու ենք, երբ պատրաստ լինենք, եւ ոչ մի րոպե առաջ», - ավելացրել է նա:

Փորձագետների գնահատականների համաձայն, մերձուղեծրային թռիչք կատարելու ցանկություն ունեցողները պետք է  200-250 հազար դոլար գումար պատրաստեն: Ենթադրվում է, որ New Shepard-ը կկարողանա վեց ուղեւորի տեղավորել:

Blue Origin-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը 2017-ի ապրիլին ասել էր, որ ամբողջ թռիչքի տեւողությունը՝ մեկնարկից մինչեւ վայրէջքն չի գերազանցի 11 րոպեն: Տիեզերք հասնելուց հետո, կարելի է արձակել անվտանգության գոտին եւ մոտ 4 րոպե անկշռության վիճակում անցկացնել:

Ըստ ընկերության աշխատակիցների, ուղեծիր ուղեւորվելու մտադրության մասին արդեն մոտ 700 մարդ է հայտնել, որոնց թվում են հոլիվուդյան աստղեր Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը եւ Անջելինա Ջոլին: