Այս փուլում Հայաստանում տեղի է ունեցել ոչ այնքան հեղափոխություն, որքան իշխանափոխություն, քանի որ հեղափոխության համար անհրաժեշտ է իրականացնել մինչ այդ հայտարարված բարեփոխումները։ Այս մասին «Ընտրական օրենսգիրքը որպես քաղաքացիական հասարակության անկյունաքար» թեմայով բանավեճի ժամանակ հունիսի 23-ին հայտնել է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի կաֆեդրայի վարիչ, դոցենտ, իրաբավանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանությունը պարզապես անցել է քաղաքական ընդդիմությանը։  «Իսկ իրական հեղափոխության համար մենք պետք է ունենանք կայծակնային զարգացում թե տնտեսության, թե հասարակական, սոցիալական, քաղաքական, մշակութային ու հոգևոր ոլորտներում»,- պարզաբանել է Այվազյանը, հավելելով, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք ունենալ չեն կարող։

Նա նշել է, որ Սահմանադրության նոր խմբագրությունը, որն ընդունվել է 2015-ին, չէր նախատեսում իրադարձությունների նման զարգացում, իսկ ժողովրդավարական երկրներում հեղափոխական գործընթացների առաջացման դեպքում, ինչպիսիք տեղի են ունեցել Հայաստանում, իշխանափոխությունից հետո խորհրդարանները, որպես կանոն, լուծարվում են, որից հետո արտահերթ ընտրություններ են անցկացվում։

Սակայն, փորձագետի կարծիքով, Հայաստանում ԸՕ-ն  առաջվա պես դիտարկվում է ոչ այնքան որպես իրավաբանական, որքան քաղաքական փաստաթուղթ։ Արդյունքում այն բարեփոխելու ու բարելավելու բոլոր փորձերը ոչ մի արդյունք չէին ունենում։

Միաժամանակ Վարդան Այվազյանը շեշտեց, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը պետք է ավելի սերտ ու ակտիվ համագործակցեն գիտական շրջանակների հետ՝ Հայաստանի հետագա զարգացման ու բարգավաճման համար։  «Ի վերջո, որքան շուտ գնան արտահերթ խորհդարանական ընտրությունների, այդքան ավելի արագ ամեն ինչ նորմալ լեգիտիմ հունի մեջ կմտնի»,- ասել է նա ՝ հավելելով, որ ժամանակը ՀՀԿ-ի օգտին է աշխատում։