Պերուի երկրպագուներով «Յուտեյր» ավիաընկերության ինքնաթիռը Տյումենում վնասված շարժիչով վայրէջք է կատարել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսավիացիային»:

ATR-72 ինքնաթիռի անձնակազմը իրականացնում էր Եկատերինբուրգ-Տյումեն թռիչքը: Ինքնաթիռում Պերուի ֆուտբոլային հավաքականի երկրպագուներն էին, որոնք Տյումենով Մոսկվա էին թռչում:

«Վայրէջք կատարելու ժամանակ №2 տուրբինապտուտակավոր շարժիչի աշխատանքում խափանում է եղել: Շարժիչի աշխատանքի պատճառով օդափոխման համակարգի միջոցով վառված յուղից ծխոտված օդը ներթափանցել է ինքնաթիռի սրահ», -նշել են «Ռոսավիացիայում»:

 Այս երեւույթը կարճ է տեւել, որոշ ժամանակ անց սրահ մաքուր օդ է թափանցել:

 «Անձակազմը վայրէջք է կատարել օդանավակայանում եւ ինքնուրույն շարժվել կայանատեղի: Ուղեւորներն առանց վթարային միջոցների օդանավասանդուղքով հեռացել են ինքնաթիռից», - ասել է գործակալության զրուցակիցը: