Մայիսի 6-ին հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանի հարազատները մտադիր  են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հորեղբայրը՝ Արմեն Թորոսյանը: Նշենք, որ նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ կարծում են, որ Լեւոնին սպանել են:

«Գործում դեռ որեւէ առաջընթաց չկա: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին, բայց նա անմեղ զոհ է այս գործում, քանի որ մեր երեխեն հրամանատարից էր բողոքում, բայց նրա մեղադրանք չի առաջադրվել»,-ասաց նա:

Արմեն Թորոսյանը նշեց, որ քննությունն իրականացնող  մարմնից իրենք նամակ են ստացել, որ բազմակողմանի քննություն է տարվում գործի իրական հանգամանքները պարզելու համար, սակայն ոչ մի առաջընթաց չկա գործում:

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ զինծառայողի մարմնի վրա  կան բազմաթիվ վնասվածքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

NEWS.am-ը հայտնել էր, որ Լեւոն Թորոսյանը Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ արու զավակը: Մահացած զինծառայողն ունի իրենից փոքր 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով է: Մահացածի ծնողները  աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ: