Երեւանի Շիրվանզադե փողոցում գտնվող շենքերի բնակիչները բողոքում են փողոցի 17 հասցեում բազմահարկ շենքի կառուցման դեմ: Շիրվանզադե 17 հասցեի հարակից շենքերի բնակիչների կարծիքով կառուցվող բազմահարկ շենքը ստվերում է բնակարանները, նաեւ բակի տարածքն է գրավել, ինչի հետեւանքով երեխաները զրկվելու են խաղալու հնարավորությունից:

«Մոտավորապես 6 մետր շինությունը մտնում է բակի տարածք, որտեղ մենք ունեինք կանաչ տարածք, խաղում էին մեր երեխաները, որտեղ ապրում ենք մենք: Մեզ անհանգստացնում է այն, որ մեր շքամուտքերը այդ շենքը փակում է, լույս չի ընկնելու եւ շենքի բնակիչների մի մասը իր պատուհաններից միայն պատ պետք է տեսնի: Մենք գտնում ենք, որ սա մեր իրավունքների ոտնահարում է»,-ասաց բնակիչներից Ազնիվ Մինասյանը:

Բնակիչների խոսքով՝ իրենք այս հարցով դիմել են քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկման վարչություն, «Ելք» դաշինքին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել՝ շինությունը օրինական է, թե ոչ:

Կառուցապատող ընկերության՝ «Դուկտուս» ՍՊԸ-ի փոխտնօրեն  Հակոբ Ազարյանն էլ մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ իրենց ընկերությունը, մասնակցելով մրցույթին օրինական կարգով ձեռք է բերել այդ հասցեում  գտնվող կիսակառույց շինության տարածքը եւ տեղում 6 հարկանի բնակարանային համալիր է  կառուցում:

«Առաջին հարկը հասարակական է լինելու, մնացածը բնակարաններ են լինելու: Կառուցվող բազմաբնակարանը չի փակելու կողքի շենքերի լույսը, տարածքն էլ չի փոքրանում, ընդհակառակը լինելու է կանաչ տարածք, որտեղ երեխաները կկարողանան խաղալ: Ուղղակի հայերի մոտ արդեն սինդրոմ է դարձել բողոքելը: Երկար տարիներ իրենք պատուհանից այդ անբարեկարգ վիճակն են տեսել եւ հիմա չեն պատկերացնում, որ այդ տարածքում կարող են նորմալ շենք տեսնել»,-ասաց նա՝ նշելով, որ իրականում բողոքելու հիմքեր  չկան: