«Ես միշտ երազել եմ այնպիսի կառավարություն, որ կառավարության անդամը վետոյի իրավունք ունենա, այսինքն եթե մի հոգի ասում է՝ ոչ, որոշումը չի անցնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նրա խոսքով, դա բերում է նրան, որ երկարաժամկետ հատվածում հնարավոր է լինում կոնսենսուսի գալ, գտնել ավելի օպտիմալ լուծում, քան այն, որը դրված է սեղանին. «Նախկին մոդելը բերել էր մի այնպիսի վիճակի, որ նախարարը նույնիսկ խնդրահարույց հարցերը տեսնելով չէր արտահայտվում»:

Դիտարկմանը, որ հիմա էլ թեեւ կառավարությունում քննարկում լինում է, սակայն որոշումները եւս միաձայն են անցնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիկտատով, Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք կառավարություններ, որտեղ մոտեցումն այն էր, որ ես քո բոստանը չեմ մտնում, դու էլ իմը մի մտի, որի հետեւանքով բոլոր ոլորտներում քաղաքականությունները հատվածական էր դարձել: Մի ձեռքը չգիտեր՝ մյուսն ինչ է անում, իրար հակասող որոշումներ կարող էին կայացվել: Այսօր համընդհանուր մոտեցում է փորձ արվում ցուցաբերել: Այդ կոնֆլիկտները կառավարությունում ես դրական եմ գնահատում, որը կօգնի հետագայում ավելի պատասխանատու որոշումներ կայացնել: Այդ կոնֆլիկտները պետք է լինեն, որ հետո ավելի պատասխանատու որոշում կայացվի»:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում ժողովրդագրությունն այնպես է փոխվում, որ եթե հին կենսաթոշակային համակարգը պահենք, մեր թոշակները մնան այսօրվա մակարդակին, պահանջարկը գնալով նվազելու է. «Մարդկանց հիմնական աղբյուրը լինելու է թոշակը եւ նա մեծ սպառող չի լինելու ապագայում»: