Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Աղբյուրի տվյալներով, չի բացառվում, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, եւ սրտի հետ կապված խնդիր է առաջացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: