Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տնտեսության ձախողման դեպքում «անհրաժեշտ կլինի որեւէ պետության կազմ մտնել», հաղորդում է Lb.ua-ն:

Հունիսի 22-ին Բելառուսի շրջաններից մեկում ուղեւորության ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ երկրի ճակատագիրը կախված է տնտեսության աշխատանքից: Առաջին հերթին, պետք է իրականացվեն ընդունված  որոշումները:

 «Լսեք, մենք խորհրդային ժամանկներում չենք ապրում, երբ հավաքվում էինք պլենումում եւ համոզում էինք միմյանց: Եթե մենք այս կերպ չկառուցենք մեր հարաբերությունները, մենք շուտով աշխարհում առանց տաբատի կքայլենք: Եթե որոշել ենք սա անել, դա պետք է երկաթբետոնե կերպով կատարվի: Այն չկատարելու համար մեկ պատճառ կարող է լինել՝ մահ: Մենք ռազմաճակատում ենք: Եթե մենք չգոյատեւենք այս տարիներին, կձախողվենք, նշանակում է անհրաժեշտ կլինի որեւէ պետության կազմ մտնել կամ մեզ վրա ուղղակի ոտքերը կսրբեն կամ էլ Աստված չանի, Բելառուսում այնպիսի պատերազմ  կսկսեն, ինչպես Ուկրաինայում», - ասել է Լուկաշենկոն:

Ընդ որում Լուկաշենկոն չի պարզաբանել, թե որտեղից է գալիս սպառնալիքը, ով կարող է պատերազմ սկսել եւ իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում որ պետության կազմում  կարող է հայտնվել երկիրը: