«Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները, Այս տարածքը չի կարող «Լիդանի» փորձարկումների համար փորձադաշտ լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից Անդրե Սոբոլեւսկին:

Նա նշեց, որ իրենք գնահատել են հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության» մոտեցումները, որոնք վերաբերում են թթվային դրենաժի մաքրմանը կամ չեզոքացմանը եւ դա իրենց չի համոզել, որ դա արդյունավետ մոտեցում է:

«Լիդիանից» մեզ հավաստիացրին, որ եթե իրենց առաջարկած մոտեցումը ձախողվի, իրենք հաշվի կառնեն միջազգային ընդունված պրակտիկան, այն է՝ թթվային դրենաժի հարցը լուծել մաքրման կայան կառուցելու միջոցով: Լիդիանի առաջարկած ֆինանսական երաշխիքները չեն ծածկում մաքրման կայան կառուցելու եւ գործարկելու ծախսերը: Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, որ «Լիդիանը» ավելի մեծ ֆինանսական երաշխիքներ տա, որ այդ ծախսերը ծածկվեն: Մենք առաջարկում ենք կառավարությանը պահանջել «Լիդիանից» այնպիսի նախագծի հրապարակում, որը թույլ կտա ապահովել այդ խնդրի կարգավորումը»,-հայտարարեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ այս ծրագիրը պետք է անցնի գնահատման փուլ կառավարության կողմից, որից հետո ստանա թույլտվություն, որ հնարավոր լինի արդյունահանումը սկսել. «ՀՀ կառավարությունը պետք է «Լիդիանի» նկատմամբ սահմանի խիստ ժամկետներ, որի ընթացքում «Լիդիանը» պետք է ապացուցի, որ այս մոտեցումները, որոնք  ոլորտում ընդունված չեն, արդյունավետ կլինեն Ամուլսարի տարածքում ջրերի աղտոտումը կանխելու համար: Եթե «Լիդիանը» չկարողանա այս մոտեցումների կենսունակությունն ապացուցել, ապա կառավարությունը պետք է պահանջի ընդունել ոլորտում գոյություն ունեցող միջազգային լավագույն պրակտիկան, այն է՝ մաքրման կայան կառուցի: «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները, Այս տարածքը չի կարող «Լիդանի» փորձարկումների համար փորձադաշտ լինել: Մենք հույս ունենք, որ կառավարությունը կպաշտպանի տարածքը»,-հայտարարեց Սոբոլեւսկին: