Վիրջինիա նահանգի Լեքսինգտոն քաղաքի Red Hen ռեստորանի սեփականատեր Ստեֆանի Ուիլքինսոնը, որը ուրբաթ օրը խնդրել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին լքել իր հաստատությունը, հայտարարել է, որ այսպիսի որոշում կայացրել է խորհրդակցելով իր աշխատակիցների հետ։ Այս մասին Ուիլքինսոնը պատմել է The Washington Times թերթին։

Սրճարանի տիրուհին նշել է, որ իր մոտ աշխատում են մի քանի գեյ աշխատակիցներ, որոնք դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը, որով նրանք փորձում են արգելել տրանսգենդերներին ծառայել բանակում, ինչպես նաեւ բաժանում անօրինական ներգաղթյալների երեխաներին իրենց ծնողներից սահմանին ձերբակալվելու դեպքում։

Տիրուհու խոսքով, իր համար նշանակություն ունի այն, որ մամուլի քարտուղարը Թրամփի «անմարդկային եւ անբարոյական» վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչն է։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը Սանդերսը իր թվիթերյան էջում գրել էր, որ Լեքսինգտոնի հաստատություններից մեկում իրեն խնդրել են հեռանալ այն պատճառով, որ ինքն աշխատում է Թրամփի մոտ։