2015-ից մինչեւ 2018 հունիս Եվրոպական միություն պաշտոնապես գրանցված 1.65 միլիոն ապօրինի ներգաղթյալ է ժամանել, որոնցից միայն 35 հազար մարդ է տարաբնակեցվել ԵՄ սահմանային երկրներից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս տվյալները հրապարակվել են Եվրահանձնաժողովի կողմից համայնքի 16 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ միգրացիայի հարցով ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախօրեին, որը կբացվի Բրյուսելում առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:

Միջոցառման մասնակիցները մտադիր են մոտեցնել իրենց դիրքորոշումները հունիսի 28-29-ը նախատեսված ԵՄ պլանային գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ միգրացիան եւս առանցքային թեմաներից մեկը կլինի:

«2018 թվականին Թուրքիայով, Հունաստանով եւ Բալկաններով Արեւելյան Միջերկրածովյան երթուղով միգրանտների ժամանման թիվը 2015 թվականի համեմատ կրճատվել է 97 տոկոսով»,- այսպիսի ենթավերնագրով է սկսվում վերջին երեք տարվա ընթացքում Աֆրիկայից ժամանած միգրանտների վիճակագրության բաժինը:

Միջերկրածովյան երեք միջանցքներով (Արեւելյան, Կենտրոնական, Արեւմտյան) միգրանտների ընդհանուր թիվը եւս զգալի կրճատվել է. 2015-ին այն 1.05 մլն էր կազմում,  2016 թվականին՝ 374 հազար, 2017 թվականին` 184.700 եւ 50.3 հազար՝ 2018 թվականի առաջին կեսին: Ընդհանուր թիվը ավելի քան 1.65 միլիոն մարդ է կազմում: