Սաուդյան Արաբիայի կանայք, որոնք կիրակի օրը մեքենա վարելու իրավունք են ստացան, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայություններում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Erem news-ը:

Կանանց համար փոխադրման ծառայությունները երկրի երեք խոշորագույն քաղաքներում՝ Էր-Ռիադում Ջիդում եւ Դամամում, իրականացնում են Uber եւ Careem առցանց ծառայությունները: Կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ սեփական ավտոմեքենա չունեն, կիրակի կեսգիշերից սկսած կարող են օգտվել հատուկ՝ կին վարորդների ծառայությունից:

Նախօրեին Սաուդյան Արաբիան կանանց իրավունքները պաշտպանող օրենք էր ընդունել: Մասնավորապես, արգելվում է հրապարակել կին վարորդների լուսանկարները. օրենքը խախտողները կտուգանվեն ավելի քան 130 հազար դոլարի չափով կամ 1 տարվա ազատազրկմամբ: Բացի այդ, անօրինական է համարվում նաեւ թագավորության կանանց պատիվը վարկաբեկող որեւէ հրապարակում, այդ թվում նաեւ՝ սոցիալական ցանցերում: Այս միջոցառումները կոչված են ապահովել կին վարորդների անվտանգությունն ինքնուրույն ուղեւորությունների ժամանակ: