Եվրամիության միգրացիոն ճգնաժամը տեղափոխվել է քաղաքական փուլ, չնայած նրան, որ միգրանտների թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան 2015 թվականին: ԵՄ 28 երկրներից 16-ի՝ միգրացիայի հարցով արտակարգ գագաթնաժողովից հետո այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան 2015 թվականին էր, սակայն ճգնաժամը տեղափոխվել է քաղաքական փուլ: Մեր առջեւ մարտահրավերը քաղաքական ճնշումն է, որը միգրացիայի խնդրի շուրջ զգում են ԵՄ-ի առանձին երկրները, մասնավորապես՝ Գերմանիան եւ Իտալիան: Երկրորդ խնդիրը Եվրամիության ներսում միգրանտների ներքին տեղաշարժն է»,- նշել է Մակրոնը:

Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Եվրամիության պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ գործողությունների որեւէ ընդհանուր պլան չի քննարկվել: «Ընդհանուր պլան չի եղել: Յուրաքանչյուրը արտահայտել է իր տեսակետը, եւ բոլորը հաստատել են իրենց ձգտումն աշխատել ճգնաժամի եվրոպական լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է Մակրոնը: