Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը facebook-ի իր էջում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող տեսանյութին:

«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։

Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրեական գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որեւէ մեկը մուտք գործի:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է եւ իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:

Երեկ երեկոյան է տեսանյութը հրապարակվել, որից հետո սոցիալական ցանցերում կոչեր էին հնչում, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի շենքը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանի շենքի երկրորդ մուտքը բաց էր, որով ներս ու դուրս կարող են անել ոչ միայն աշխատակիցները, այլեւ ավտոմեքենաները: