ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար  Գրիգորյանը  շնորհակալություն է  հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած  շարունակական աջակցության  համար  եւ  հույս հայտնել, որ այսուհետ եւս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։

Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման եւ տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Արթուր  Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող՝ Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի եւ հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը:

Զրուցակիցները մտքեր են  փոխանակել էներգետիկ   բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանում նոր տեխնոլոգիա հանդիսացող հոսանքի փոխակերպման ենթակայանի կառուցման ընթացքում համապատասխան մասնագետների  վերապատրաստման հարցի շուրջ:

Անդրադարձ է եղել նաեւ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման աշխատանքներին եւ շուկայի  ձեւավորման հնարավոր նոր մոդելներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: