ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ գրիչով: Այն ժամանակատար է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երբեմն լինում է անընթեռնելի: Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված է դրույթ, համաձայն որի` վերը նշված տեղեկանքը տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը: Այս ամենի հետ մեկտեղ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներ եւ նախակրթական ուսումնական հաստատություններ տեղեկանքներ ներկայացնելու պատճառով մի քանի անգամ ծանրաբեռնվում է անձնագրային ծառայությունների աշխատանքը, առաջանում են հերթեր, ընկնում է ծառայության սպասարկման որակը:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

- մշակվում է ծրագրային լուծում, համաձայն որի` տեղեկանքը կտրամադրվի անմիջապես բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ եղանակով տպագրման միջոցով,

- տեղեկանքը հաջորդ աշխատանքային օրվա փոխարեն կտրամադրվի հաշված րոպեների ընթացքում,

- լինելու են մի քանի տեղեկանքների ձեւեր՝ դիմող անձը որ հասցեում է հաշվառված, կոնկրետ հասցեում ովքեր են հաշվառված, անձը հանված է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ներկայիս տեղեկանքը բովանդակում է այս բոլոր լուծումները, բառերի տակ գրիչով գծեր են քաշվում, ինչն էլ իր հերթին տեղեկանքը դարձնում է խրթին),

- արդյունքում կունենանք ժամանակակից, ընթեռնելի տեղեկանք, իհարկե այն կշարունակի մնալ որպես խիստ հաշվառման փաստաթուղթ, կունենա հերթական համար, անձնագրային ծառայության կոդով: