ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավարի ընտրությունը հետաձգվել է մինչեւ աշնանային նստաշրջան: Այս մասին իր ֆեյսբուքյն էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Նստաշրջանի ընթացքում սպասվում են որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին կտեղեկացնեմ պարբերաբար: Դրանցից առաջինը ԵԺԿ խմբում տեղի ունեցող զարգացումներն են: Այս պահին այստեղ է ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը:

Անցյալ նստաշրջանին կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական տվեց: Այս նստաշրջանի ընթացքում, սակայն, խմբի ղեկավարի ընտրություն չի լինի: Խմբի բյուրոն, որի անդամ եմ նաև ես, որոշել է հետաձգել խմբի ղեկավարի ընտրությունը մինչև աշնանային նստաշրջան: Պատճառը վերջին երկու տարվա ընթացքում խմբում առկա մթնոլորտը և տարաձայնություններն են: Այս հետաձգումը հնարավորություն կտա ավելի հանգիստ նախապատրաստվել ընտրություններին և վերականգնել խմբի միասնականությունը:

Խմբի բյուրոյի նիստը ավելի կառուցողական էր, քան երբևէ... Դա հույս է ներշնչում, որ ԵԺԿ-ն կկարողանա մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթված կոռուպցիայի խարանը, քանդել անհանդուրժողականության պատը, վերացնել բաժանարար գծերը ու դառնալ միասնական, ազդեցիկ, ինչպես նախկինում էր»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: