Ստրասբուրգում սկսել են ստորագրահավաք սենատոր Պեդրո Ագրամունտի եւ կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրիա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս պահին Ստրասբուրգում եվրոպական ռեֆորմիստների մեր խումբը սկսել է ստորագրահավաք` Ալիեւի անձնական օգտագործման լաքեյների` իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտի եւ կատալոնացի Ջորդի Կոստայի հրաժարականի պահանջով։

Չնայած մեկ տարի առաջ մենք հասանք նրան, որ Ագրամունտը հեռացվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, սակայն նա չպետք է մնա անգամ ԵԽԽՎ շարքային պատգամավոր։

Վստահ եմ,որ անհրաժեշտ ստորագրությունները շատ արագ կհավաքենք, եւ ուզում եմ հուսալ, որ իսպանական պատվիրակությունը չի համառի եւ կստիպի պատվիրակության երկու խոշոր կոռուպցիոներներին վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։

Ալիեւի նավթադոլարային թմրասեղին նստած բոլոր կոռուպցիոներները պետք է հեռանան»: