Ժաննա Գալստյանի կողմից «եկվոր» բառի օգտագործման համար ներողություն եմ խնդրում երբևէ Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Աղաբեկյանը, մասնավորապես, գրել է.

«Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս. Տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:

Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»:

Ավելի վաղ NEWs.am-ը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթից հետո պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել էր նրան եւ ստացել նույնպիսի պատասխան:

Այդ միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշում էր կայացրել աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակել ուղիղ եթերում: