Արգենտինայի նածագահ Քրիստինա Քիրշներն ավարտել է միջազգային շրջագայությունը` այցելելով Քաթար, Քուվեյթ եւ Թուրքիա, որտեղ հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Nouvelles d’Arménie-ն:

Թուրքիայի վարչապետը կոչ է արել կրկնապատկել առեւտուրը երկու երկրների միջեւ: Արգենտինայում կա արաբական մեծ համայնք, որը ձեւավորվել է Սիրիայից եւ Լիբանանից արտագաղթածների հաշվին: Մեծամասնությունը քրիստոնյաներ են: Նրանց անվանում են «Turcos» (թուրքեր), քանի որ նրանց ծնողները փախչել են Օսմանյան կայսրությունից, որի կազմում են եղել Սիրիան ու Լիբանանը: Շատերը օսմանյան անձնագիր են ունեցել:

Արգենտինայի Կոնգրեսի անդամ Ռիկարդո Ալֆոնսինը ափսոսանք է հայտնել, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Արգենտինայի նախագահը չի հիշատակել Հայոց ցեղասպանության մասին: «Դուք կարող եք ամրապնդել կապերն ու առեւտրային հարաբերությունները` չզոհելով մարդու իրավունքները»,- հայտարարել է Ռադիկալ կուսակցության առաջնորդն ու նախագահի թեկնածուն: