Ռուսաստանի Դաշնության Ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին:

Անչափ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ: Մեծ ֆուտբոլը ժամանել է Ռուսաստան: Ինչպիսի՞ն են ձեր զգացողությունները:

Դե գիտեք, զգացողությունները ինչպիսին են: Բանն այն է, որ 2010-ին ես արդեն մասնակցել էի աշխարհի առաջնության երկրի որոշմանը: Դա Ցյուրիխում էր: Կային մրցակիցներ եւ ամենագլխավոր մրցակիցը Անգլիան էր: Էլ չեմ ասում, որ կային Պորտուգալիան, Իսպանիան եւ Նիդերլանդները Բելգիայի հետ, բայց մենք հաղթեցինք: Հաղթեցինք, եւ Անգլիային բարդ իրավիճակում դրեցինք, քանի որ նրանք  ոչ մի կերպ չկարողացան հաշտվել, որ առաջնությունը տեղի կունենա ոչ թե Անգլիայում, այլ Ռուսաստանում: Բայց ես ուզում եմ պարզապես բացատրել ֆուտբոլի մեր թանկագին սիրահարներին, որ ՖԻՖԱ-ի քաղաքականությունը աշխարհում ֆուտբոլի զարգացումն է: Անգլիան կարող է այսօր ֆուտբոլի առաջնություն կազմակերպել, նրանք ամեն ինչ ունեն. եւˊ մարզադաշտեր եւˊ հյուրանոցներ եւˊ օդանավակայաններ եւˊ ճանապարհներ եւ այլն: Իսկ տեսեք, թե Ռուսաստանում այս ընթացքում ինչեր կառուցեցին 11 քաղաքներում: Եվˊ մարզադաշտեր եւˊ հյուրանոցներ: Իսկ լեգենդար Մարադոնան: Որքան էր նա անհանգստանում, որ անգամ, խեղճը հիվանդանոցում հայտնվեց: Ինչ վերաբերվում է Մարադոնային, ես նրա հանդեպ մեծ հարգանքով լցվեցի, քանի որ վիճակահանության ժամանակ, որին ես մասնակցում էի, նա իմ կողքին էր եւ մի պահ ես այնքան էի հոգնել, քանի որ համարյա 3 օր փորձեր էին, որ աչքերիս առաջ մթնեց: Ես հանեցի երկրի անվանումով գունդը, գցեցի գետնին, Մարադոնան այն բարձրացրեց եւ ցույց տվեց, որ պետք է ներքեւ գցել: Ես շնորհակալություն հայտնեցի եւ եւ նրան Արգենտինա երխատագիտությունս ուղարկեցի եւ ասացի, որ նա ոչ միայն մեծ ֆուտբոլիստ է, այլեւ մեծահոգի մարդ:

Դուք դեռ չեք հասցրե՞լ Ռուսաստանում նրա հետ հանդիպել

Հիմա ոչ: Նախկինում ես հանդիպել եմ Պելեի հետ: Ցավոք, նա չեկավ, քանի որ գամված է սայլակին: Իսկ ինչու՞ հենց Պելեի հետ: Որովհետեւ 1958-ին Շվեդիայում աշխարհի առաջնությանը մենք հանդիպել էինք: Այն ժամանակ նա առաջին անգամ դուրս եկավ ԽՍՀՄ-ի հավաքականի դեմ: Երբ մենք նրա հետ սեղանի շուրջ հանդիպեցինք, ես ասացի, որ Խորհրդային հավաքականի դեմ դուրս էր եկել 17-ամյա արքայազնը, որը հետո թագավոր դարձավ եւ մինչ օրս թագավոր է: Ես նրան համարում էի եւ այժմ էլ համար առաջին եմ համարում:

Իսկ ո՞վ է համար երկրորդը

Դե, համար երկրորդը, կարծում եմ Մարադոնան է:

Այս առաջնությունում ո՞ր ֆուտբոլիստներն են առանձնանում

Նեյմարն է, իհարկե, առանձնանում, Կոուտինյոյին կնշեի: Բայց հատկապես, կցանկանայի նշել, նա ինձ շատ է տպավորում, նա թիմի ուղեղն է, Մոդրիչին ( Խրովաթիա): Միգուցե, տեսնենք, եթե նա հետագայում էլ այդպես խաղա, ես նրան առաջին համարը կտամ:

Իսկ եթե Խորվաթիան, կամ այնպիսի թիմ, օրինակ, ինչպիսին Բելգիան է, դառնա Աշխարհի չեմպիոն, դա ձեզ համար սենսացիա կլինի՞, թե ամեն ինչ հենց դրան է տանում

Ոչ, ես մեկ անգամ էլ եմ կրկնում, սենսացիա չի լինի, որովհետեւ, գիտեք, չեմպիոնի փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ նույն չեմպիոններն են: Դա եւ Արգենտինան է, եւ Բրազիլիան, եւ Ֆրանսիան եւ Գերմանիան, Իտալիան, որը, ինչպես տեսնում եք, չանցավ, եւ Իսպանիան: Ուստի չեմպիոնի փոփոխությունը, ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, ֆուտբոլի զարգացման, համաշխարհային ֆուտբոլի համար, գուցե վատ չէ եւ անհրաժեշտ է:

Դուք հասցրել եք շատ աշխարհի առաջնություններ տեսնել, Ձեզ համար ո՞րն է ամենահետաքրքիրը

Չեմ ուզում անհամեստ լինել, բայց ինձ համար «ամենա»-ն այն առաջնությունն էր, որտեղ ես էի խաղում: Դա 1958 թվականն էր, 60 տարի առաջ էր: Ոչ մի մրցություն, ոչ մի երկրների առաջնությունները, եվրոգավաթները, չեն կարող համեմատվել աշխարհի գավաթի հետ, քանի որ այստեղ հավաքված է սերուցքը, երկրների լավագույն խաղացողները:

Հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում այստեղ՝ Ռուսաստանում, ամենուր ֆուտբոլն է

Հատկապես, այո: Հետեւաբար, եթե մեր տղաները առաջին ամսաթվին՝ հուլիսի 1-ին, հաղթեն Իսպանիային, ես կասեմ, որ դա որոշակի իմաստով սխրանք կլինի:

Այն, որ Ռուսաստանն արդեն դուրս է եկել իր խմբից, սխրա՞նք է

Դա էլ, իհարկե, քանի որ 16 թիմերն արդեն տուն են գնալու: Դրանց թվում մոլորակի լավագույն թիմերն են: Իսկ ՖԻՖԱ-ում, եթե չեմ սխալվում, մոտ 209, կամ 210 ազգային ֆեդերացիներ կան: Դե պատկերացրեք:

Առաջնության ժամանակ հավանաբար շատ զբաղված եք, երեւի, հիմա գործերը կուտակվել են

Գիտեք, առաջնության ընթացքում, կարող եմ ասել, ես ամեն դեպքում, ինճ-որ առումով, հանգստանում եմ: Պարտականությունները բավական շատ են, բայց հանգստանում եմ, որովհետեւ, փոխել եմ իմ բոլոր բջջային հեռախոսահամարները: Ես հանգստանում եմ մեկնաբանություն տալուց, բայց ձեզ չէի կարող մերժել: Երբեմն այնպիսի անհեթեթ հարցերով են անհանգստացնում, որոնք անգամ երբեմն նյարդայնացնում եմ: Ես՝ ինքս,  «սպարտակցի» եմ, խաղում եմ «Սպարտակում», բայց հավաքականն էլ, իհարկե, եթե հաղթում է, լրագրողներն ինձ չեն մոտենում: Բայց հենց որ թիմը պարտություն է կրում, միանգամից խոսափողները հայտնվում են ինձ մոտ: Ես նրանց ասում են՝ երեկ, թիմը հաղթել էր, ինչու՞ ինձ չէիք մոտենում: Դրա համար ես հիմա անհասանելի եմ, իմ հեռախոսահամարները միայն մտերիմներս գիտեն: