Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  4 թիկնապահների խափանման միջոցը փոխվել է, նրանք ազատության մեջ են: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ նրանց խափանման միջոցը փոխվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նա նշեց, որ Արթուր Ասատրյանի 2 ամսով կալանավորումը իրենք անհիմն են համարում, դատարանի կողմից էլ չի հիմնավորվել եւ իրենք այդ որոշումը բողոքարկել են Վերաքննիչում:

Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: