Հայկական բոլոր կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը կենսական նշանակություն ունի երկրի համար: Այդ մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Խոսքը աշխարհաքաղաքականության, ազդեցության ոլորտների մասին չէ, դա առաջին հերթին գործընկերություն է քաղաքացիների՝ Հայաստանի քաղաքացիների համար, ԵՄ-ում մեր քաղաքացիների համար, ինչպես նաեւ տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման եւ ավելի արդյունավետ եւ ուժեղ ժողովրդավարությունների համար: Սա համագործակցություն է, որը կարող է նպաստել հայ ժողովրդի պահանջների, ներառյալ վերջին ամիսների ընթացքում ներկայացված պահանջների առաջխաղացմանը », - ասել է Մոգերինին:

Նա նաեւ պատմել է Հայաստանի արտգործնախարարի հետ վերջին հանդիպման մասին` նշելով, որ նա տեղեկացրել է «կառավարության հավակնոտ օրակարգի եւ կոռուպցիայի դեմ պայքարում արդեն ձեռնարկված առաջին կոնկրետ գործողությունների մասին»:

«Մեր նոր գործընկերությունը կատարյալ հիմք է ապահովում  բարեփոխումների աջակցության համար, եւ առաջիկա 4 տարիներին Եվրամիությունը 160 միլիոն եվրո կներդնի: Մենք պատրաստ ենք աջակցել գործեւնեության բազմաթիվ տարբեր ուղղություններին: Օրինակ, փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ գործարար միջավայրը բարելավել կամ էներգաարդյունավետությունում ներդրումներ անելու համար: Եվ այս ցուցակը կարելի  է շարունակվել: Նոր կառավարության հետ մեր առաջին շփումները շատ արդյունավետ էին: Մեր առաջին հանդիպման ժամանակ մթնոլորտը չէր կարող ավելի դրական, բարեկամական եւ կառուցողական լինել », - ասել է Մոգերինին: