Բրիտանիան Ռուսաստանին կոչ է արել հայտնել կրկնակի գործակալ Սկրիպալի եւ նրա դստեր դեմ նյարդակաթվածահարող նյութ «Նովիչոկի» օգտագործմամբ մահափորձի մանրամասները: Նման կոչով է հանդես եկել Մեծ Բրիտանիայի անվտանգության եւ տնտեսական հանցագործությունների համար պատասխանատու առաջին փոխնախարար Բեն Ուոլեսը, փոխանցում է BBC-ն: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բրիտանիայում հայտնաբերվել է «Նովիչոկով» թունավորման եւս մեկ դեպք: Սոլսբերիից ոչ հեռու գտնվող Էյմսբերի քաղաքում ծայրահեղ վիճակում հոսպիտալացված զույգը նույնպես թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով, նախօրեին հաղորդել էր բրիտանական ոստիկանությունը: 45-ամյա Չարլի Ռոուլին եւ 44-ամյա Դոն Սթերջեսն իրենց տանից հոսպիտալացվել են  շաբաթ՝ հունիսի 30-ին: Նախապես բժիշկները ենթադրել են, որ տուժածները հերոինի կամ կոկաինի չափաբաժին են ընդունել:

«Ռուսական պետությունը կարող է այս իրավիճակն «ուղղել», եթե մեզ պատմի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, իրենք ինչ են արել եւ դրանով կարեւոր բացերը կլրացնեն, որոնք մենք փորձում ենք քննել»,- ասել է Ուոլեսը BBC-ի հետ զրույցում:

Տուժածներից վերցրած նմուշները հետազոտել են պետական քիմիական լաբորատորիայում եւ եզրակացրել, որ նրանք ենթարկվել են նույն խմբի նյութի ազդեցությանը, ինչ այն, որով թունավորվել էին Սկրիպալները:

Անգլիայի գլխավոր բժիշկ Սալի Դեւիսը հայտարարել է, որ այս տարվա մարտին Սկրիպալների թունավորումից հետո անգլիացի բժիշկները տեխնիկա են մշակել, թե ինչպես հաղթահարեն վարակման համանման դեպքերը:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը բժիշկներին շնորհակալություն է հայտնել եւ հավելել, որ իր մտքերը հիմա տուժածների հետ են: Նրա խոսքով՝ միջադեպը դարձել է Սկրիպալների վրա «խելահեղ եւ բարբարոսական հարձակման» շարունակությունը:

Էյմսբերի քաղաքը Սոլսբերիից 11 կմ հյուսիս է գտնվում, որտեղ մարտի 4-ին ծանր թունավորվել էին ռուսական նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Ուոլեսը Sky News-ին ասել է, որ ոստիկանությունը «Նովիչոկով» երկրորդ թունավորումը նպատակաուղղված հարձակում չի համարում, զույգը Սկրիպալների հետ կապ չուներ: Նրա խոսքով՝ Էյմսբերիից զույգը կարող էր թունավորվել Սոլսբերիում Սկրիպալների վրա հարձակումից հետո մնացած նյութից:

Ոստիկանությունը հաղորդել է, որ Էյմսբերիում զույգը թունավորվել է «Նովիչոկով»