Սաուդյան Արաբիայում աղմկոտ կոռուպցիոն սկանդալից հետո մի քանի ամիս անց երկրի իշխանությունները շարունակում են կալանավորված պահել մի արքայազնի, մի քանի տասնյակ բիզնեսմենների եւ նախկին պաշտոնյաների: Դրանից զատ, վերջերս նոր կալանավորումներ են կատարվել, հայտնում է WSJ-ն: 

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում: Ըստ որում՝ նրանց մեղադրանքներ չեն ներկայացնում: Շատերին արգելել են կամ խիստ սահմանափակել ազգականների հետ տեսակցությունները:

Կալանավորվածներին պահում են Էր Ռիադի սահմաններից դուրս գտնվող անվտանգության առավելագույն աստիճանով բանտում, մյուսները գտնվում են պալատներում, որոնք վերակազմավորվել են հսկողության տակ պահման վայրերի: Պաշտոնատար անձինք խոստովանել են, որ մի քանի կալանավորներ դաժան վերաբերմունքի են արժանանում:

Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություններ տալու խնդրանքներին: Երկրի գլխավոր դատախազի տեղակալը հայտարարել է, որ որոշ կալանավորվածների կոռուպցիայի հետ չկապված մեղադրանքներ են առաջադրվել, եւ նրանց կդատեն ազգային անվտանգության ու ահաբեկչության գործերով մասնագիտացած դատարանները:

Աղբյուրների տեղեկություններով՝ իշխանությունները բարձրացրել են պետական դավաճանության կամ ահաբեկչության մեղադրանքների հարցը, որը կարող է պատժվել բանտարկությամբ կամ մահապատժով, դրանով ցանկանում են նրանց ստիպել խոստովանել:

Անցյալ նոյեմբերին կալանավորվել էին հարյուրավոր ականավոր սաուդցիներ, որոնց պահում էին Էր Ռիադի Ritz-Carlton հյուրանոցում: Նրանց թվում էին 11 արքայազններ, որոնց թվում էր արքայազն, հայկական արմատներով միլիարդատեր Ալ Վալիդ իբն Տալալը: Նրանց մեծ մասին ազատել են կառավարությանը խոշոր գումարներ փոխանցելուց հետո:

Կառավարության քննադատներն ասում են, որ նոր կալանավորումները եւ շարունակվող ձերբակալությունները գահաժառանգ արքայազն Մոհամմեդի փորձն է միավորելու ուժերը պոտենցիալ հակառակորդների դեմ:

Դեռեւս կալանավորվածների թվում է Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ինչպես նաեւ երբեւէ կառավարական բարձր դիրքեր զբաղեցրած անձինք:

Նրանց թվում է միլիարդատեր Մուհամմեդ ալ Ամուդին, շինարարական հսկա Saudi Binladin Group-ի նախագահ Բաքր բեն Լադենը, սաուդյան Արաբիայի ներդրումային գործակալության նախկին ղեկավար Ամր ալ Դաբաղը եւ էկոնոմիկայի նախկին նախարար ու արքայազնի ամենահուսալի օգնականներից մեկը՝ Ադել Ֆաքեին:

Ձերբակալվել է նաեւ արքայազն Թուրքի բին Աբդուլլահը՝ նախորդ միապետի՝ Աբդուլլահ թագավորի որդին:

Սաուդցի մի պաշտոնյա նոյեմբերին հայտարարել էր, որ արքայազնին մեղադրում են կոռուպցիայի մեջ՝ կապված Էր Ռիադում մետրոյի շինարարության նախագծի հետ: Սակայն աղբյուրը հայտնում է, որ արքայազնին մեղադրանք չի ներկայացվել, եւ դրա էությունը հստակ չէ: նա կարծում է, որ արաքայազնի կալանավորումը քաղաքական քայլ է՝ արքայազն Մոհամմեդի պոտենցիալ մրցակցին հեռացնելու համար:

Սաուդյան Արաբիայի ներդրումային գործակալության նախկին ղեկավար Ամր ալ Դաբաղը ենթարկվում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, ասում են հարցին ծանոթ մարդիկ: Նա հրաժարվում է ազատության դիմաց կառավարությանը փոխանցել իր ակտիվների 70 տոկոսը եւ ապագա բոլոր եկամուտների 50 տոկոսը, ասել է նրա մերձավորներից մեկը: «Ոչ մի մեղադանք, ոչ մի ապացույց չկա: Նա հրաժարվում է գործարքի գնալ, որովհետեւ դա նրան մեղավոր կդարձնի, իսկ նա մեղավոր չէ»,- ասել է նա: