Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել պարզաբանել, թե ինչպես են Բրիտանիայի երկու բնակիչներ, գտնվելով Ուիլթշիր կոմսությունում, թունավորվել «Նովիչոկ» նյարդակաթվածահարող  նյութով, փոխանցում է BBC-ն: 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սոլսբերիից 11 կմ հյուսիս գտնվող Էյմսբերի քաղաքում բնակվող 45-ամյա Չարլի Ռոուլին եւ 44-ամյա Դոն Սթերջեսը հոսպիտալացվել են թունավորման ախտանշաններով, որոնք նման են կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր մոտ հայտնաբերվածին:

Ջավիդը հայտարարել է, որ նյարդակաթվածահարող նյութը, որով Էյմսբերիում թունավորվել է զույգը, նույն խմբից է, ինչ այն նյութը, որով թունավորվել էին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները:

Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Էյմսբերիի շուրջ իրավիճակը «կեղտոտ քաղաքական խաղ» է անվանել: «Բրիտանական իրավապահ մարմիններին կոչ ենք անում ընդառաջ չգնալ կեղտոտ քաղաքական խաղին, որը ծրագրել են Լոնդոնում որոշակի ուժերը, եւ սկսել, ի վերջո, համագործակցել ՌԴ իրավապահ մարմինների հետ»,- ասել է Զախարովան: